Լրագրողին հարվածելու համար Ռուբիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Վահե Մակարյանը համաձայն չէ որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել
lragrogh-patgamavor

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է լրագրող Վահե Մակարյանին հարվածելու համար Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա խոստացավ քրեական գործը կարճելու հիմնավորումները ներկայացնել ավելի ուշ։

Լրագրող Վահե Մակարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ ստացել է ՀՔԾ-ի որոշումը: Նա նշեց, որ համաձայն չէ որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն՝ ակնկալիքով, որ կհասնի արդար լուծման:

Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում հերթական միջադեպն էր գրանցվել պատգամավորի և լրագրողի միջև: Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կոնֆլիկտի մեջ էր մտել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ, նրան հրավիրել էր առանձնազրույցի և հարվածել էր նրա աչքին: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, ներողություն խնդրեց խորհրդարանից, որ միջադեպից հետո սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում խորհրդարանի հասցեին քննադատություններ են հնչել իր՝ խորհրդարանականին ոչ հարիր պահվածքի համար: Ռուբիկ Հակոբյանը, սակայն, իր արարքի համար լրագրողից ներողություն չի խնդրել, ավելին՝ հանդես է եկել լրագրողի հասցեին որակումներով: Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել պատգամավորի կողմից լրագրողին հարվածելու դեպքով: Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են լրագրողը, պատգամավորը, ինչպես նաև միջադեպին նախորդած ճեպազրույցին ներկա լրագրողները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները