ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

«Երբ խեղկատակությունը և ճղճիմությունը միախառնվում են, մարդիկ անգամ այսպիսի ծիծաղելի քայլերի են դիմում»
ruben-hayrapetyan

ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն` ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տարածված տեղեկատվությանը՝ նշելով. «Երբ խեղկատակությունը և ճղճիմությունը միախառնվում են, մարդիկ անգամ այսպիսի ծիծաղելի քայլերի են դիմում: Ոստիկանությանը լուրջ դեմքով «օպերատիվ տեղեկություններ» են փոխանցել, որ աշխատակիցներից մեկը (օրինակ, մինչև ուշ գիշեր աշխատող լաբորանտը) 100 հազար դրամի չափով պարգևատրում է ստացել, բայց դա իրենց կարծիքով խախտում է, մյուսը արձակուրդ է գնացել, բայց դա կրկին իրենց կարծիքով արգելվում էր, և այս մակարդակի 4-5 դեպք: Պատկերացնո՞ւմ եք մանրության աստիճանը: Հետո այս ամենը խուճապահար հանձնել են մամուլին, միայն թե այս փուլում բացասական լուրեր շրջանառվեն, քանի դեռ չի բացահայտվել թեմայի ամբողջ ցնորքը: Սա է իրենց բացահայտած «ֆինանսական խախտումները». երիցս ապացուցում են հանրությանը, թե ինչ աստիճանի արդար ենք աշխատել»:

 

*

*