Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ

«Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին»
mied2

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան,  որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ըստ պաշտպանի` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր  ոք, ով  զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկել  իրեն կալանավորելու որոշումը և վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական:

Ալումյանի խոսքով`կան նաև մի քանի վճիռներ, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ կոնվենցիոն նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել բողոքը:

«Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա այդ դատարանը  ոչ միայն բողոքը չի քննել ,այլ նաև վարույթ չի ընդունել, իսկ  դատարանը պետք է անհապաղ քննի  բողոքը: Մենք երկար սպասեցինք և մի քանի անգամ հրապարակայնացրեցինք այս խնդիրը, հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հետևություն կանի, բայց այդ կառույցը ոնց կար այդպես էլ մնաց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանի ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը դա Եվրոպական դատարանն է»,- ընդգծեց Ալումյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ:Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

*

*