Վերաքննիչ դատարանում, Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը:
ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է օգոստոսի 9-ին: Շուրջ 8 ժամ տևած քննության ընթացքում գործով 4 պաշտպաններն առանձին-առանձին բողոքներ են ներկայացրել, որոնց վերաբերյալ մեղադրանքի կողմն իր առարկություններն է հայտնել: Դատական նիստին խոսել և մեղադրանքի վերաբերյալ հակափաստարկներ է ներկայացրել նաև ՀՀ երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: