Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվել է

Փաստաբանները պահանջում են դադարեցնել 2-րդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը։
Robert-Qocharyan2

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվել է:

Քոչարյանի պաշտպանական խումբը բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պնդելով, որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով խախտվել է երկրորդ նախագահի անձեռնմխելիության իրավունքը: Ըստ պաշտպանների՝ վարույթ իրականացնող մարմինը չի հիմնավորել, թե Ռոբերտ Քոչարյանի որ գործողությունները չեն բխել նախագահի կարգավիճակից: Ուստի, դատարանից ակնկալում են ճանաչել երկրորդ նախագահի իրավունքների խախտման փաստը  եւ վերջինի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Նիստի սկզբում մեղադրող կողմը միջնորդել է այն անցկացնել դռնփակ՝ նշելով, որ ներկայացվող փաստաթղթերը կարող են նախաքննական գաղտնիք պարունակել, սակայն այս միջնորդությունը դատարանը մերժել է: Փոխարենը բավարարել է նիստի հետագա ընթացքը չտեսանկարահանելու միջնորդությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը ներկայացված նյութերին ծանոթանալու նպատակով նիստը հետաձգել է մինչեւ ապրիլի 11-ը:

*

*