Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին ՄԻԵԴ է դիմել

Ալումյանի կարծիքով՝ BBC-ի հրապարակված հոդվածով իշխանությունը փորձում է զգացմունքային ֆոն ստեղծել
hayk-alumyan

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել՝ Քոչարյանի գործով արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու դրվագով: Այս մասին հայտարարել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, բայց քննչական մարմիններն օրենքով սահմանված ժամկետները խախտել են, քննություն չեն սկսել միջնորդության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի գործով այժմ քննող դատավոր չկա: Հայկ Ալումյանն անդրադարձել է նաեւ Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախատեսվող օրինագծին՝ նշելով, որ ըստ դրա՝ Սահմանադրական դատարանի ցանկացած դատավորի հանդեպ, եթե քննիչը մեղադրանք առաջադրի, դատավորի լիազորությունները կդադարեցվեն: Այդ կերպ, ըստ փաստաբանի, գործադիր իշխանությունը ճնշում է գործադրելու դատական իշխանության նկատմամբ:

Ալումյանն անդրադարձել է նաեւ BBC-ի ռուսական ծառայությունում հրապարակված հոդվածին՝ նշելով, որ դատական նիստերից մեկի ժամանակ դռնփակ ռեժիմում պաշտպանական թիմը Արցախի զորամիավորումներ բերելու եւ ցուցարարների վրա կրակելու վերաբերյալ այնպիսի փաստարկներ է ներկայացրել, որ ոչ ոք՝ այդ թվում՝ դատախազությունը, դրան որեւէ կերպ չեն առարկել:

Ալումյանը միայն նշել է՝ Արցախի զինված ուժերից որեւէ զինվոր Մարտի մեկին Երեւան չի բերվել:

*

*