Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան

Նա ի պաշտոնե օր ու գիշեր հսկվում է թիկնապահների կողմից, ովքեր աշխատում են ԱԱԾ-ում
hayk-alumyan1 (1)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել: Այդ իսկ պատճառով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի փաստաբանների ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը  այնտեղ քննարկման առարկա դառնան: Այս մասին օգոստոսի 16-ին ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենց ներկայացրած բողոքում անձեռնմխելիության հիմքից բացի կան առնվազն երկու հիմք, որոնք, իր համոզմամբ, ոչ պակաս կարևոր են:

Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մեջ կա հատված, որտեղ նշված է, որ նրա կողմից հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը եղել է հակաօրինական և հակասահմանադրական:

«Հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այսինքն` քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում, պետության անունից ոչ ոք իրավունք չունի ասել, որ  այդ հրամանագիրը եղել է ապօրինի»,-ասաց Ալումյանը:

Հայկ Ալումյանը նաև համարում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը որակում չպիտի ստանար:

«Հատուկ Քննչական ծառայությունը խոսում է պետության անունից: Հատուկ քննչական ծառայությունը կարող են ասել, որ համամիտ չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, բայց ոչ թե ասել, որ դա ապօրինի է»,- ասաց Ալումյանը:

Պաշտպանը չի կարծում, որ իր պաշտպանյալը կարող է խոչընդոտել նախաքննությանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ի պաշտոնե օր ու գիշեր հսկվում է թիկնապահների կողմից, ովքեր աշխատում են Ազգային անվտանգության ծառայությունում:

«Այսինքն` իր մոտ քննությանը խոչընդոտելու հավանականությունը  ավելի փոքր է, քան  մեկ ուրիշի մոտ», -ասաց Ալումյանը:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

*

*