Րաֆֆի Հովհաննիսյանը «շարֆ նետեց» դատավորին

Ազատության հրապարակ տոնածառ տանելու համար Գեւորգ Սաֆարյանն ազատազրկվեց 2 տարով։
raffi-hovhannisyan

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան ու այսօր գնացել էր 2015-ի հունվարին Ազատության հրապարակ տոնածառ տանելու համար կալանավորված Գեւորգ Սաֆարյանի դատին:

Դատական նիստի ավարտին, երբ դատավոր Մնացական Մնացականյանը հրապարակել է վճիռն՝ այն է՝ երկու տարի ազատազրկում, Րաֆֆի Հովհաննիսյանը Սաֆարյանին է նետել իր շարֆը: Սա այն գծավոր շարֆը չէր, որ նախագահության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կրում էր 2013-ի նախընտրական շրջանում: «Ժառանգության» առաջնորդը լրագրողներին ասել է, որ «ինձ մնար՝ պիտի շարֆս կապեի իր քաղաքացիական վզի շուրջ և ոչ թե նետեի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանի շենքում խոսել է նաև նախընտրական այս շրջանում ընթացող բանակցությունների մասին: Ասել է, որ այսօր հանդիպել է և´ Սեյրան Օհանյանին, և´ Արամ Սարգսյանին, բայց հանդիպումներից տեղեկություններ չի հայտնել: Խոսելով Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի՝ մարտի 1-ին ունեցած մեղսակցության մասին, ինչը, ըստ Զարուհի Փոստանջյանի՝ թույլ չի տա, որ «Ժառանգությունն» առաջիկա ընտրություններին մասնակցի նրանց հետ միասին, Հովհաննիսյանն ասել է, թե մարտի 1-ի մեջ բոլորը մեղք ունեն, նաև ինքը, որ այդ օրը հանրապետությունում չէր:

Թե ինչպե՞ս կմասնակցի «Ժառանգությունն» առաջիկա ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է՝ կիմանաք շուտով: Նա նաև տեղեկացրել է, որ եկող շաբաթ նորից բացակայելու է Հայաստանից. մեկնելու է Բրյուսել:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*