ՀՀ 11 քաղաքացիների արտագնա աշխատանքի տանելով ՌԴ՝ խաբել է եւ չի վճարել

Բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: ՀՀ քաղաքացիներն աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք:

Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։ Քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Մ.Ավետիսյանը, ՌԴ Մուրմանսկ քաղաքում ստանալով հիպերմարկետի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների պատվեր, խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, 2013թ. դեկտեմբերի կեսերին ՀՀ երկու քաղաքացու ներգրավել է նշված շինության բետոնապատման աշխատանքների կատարման մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվար ամսին հեռախոսազանգերի միջոցով հավաքագրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 4 բնակչի և խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, նրանց, ինչպես նաև Մուրմանսկ քաղաքում գտնվող ևս 5 ՀՀ քաղաքացու 2014թ. փետրվար ամսից ներգրավել նույն բետոնապատման աշխատանքներում։ Շինարարը պատվիրատուից 2014 թվականի ապրիլի կեսերին ստացել է աշխատանքների դիմաց վճարը, սակայն կատարված աշխատանքի դիմաց նշված 11 անձանց չի վճարել՝ պատճառաբանելով, թե պատվիրատուից գումար չի ստացել:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 5-ին Մ. Ավետիսյանը 2014 թվականի ապրիլի կեսերին տեղափոխել է ՌԴ Կիրովսկ քաղաք, որտեղ մեկ այլ պատվիրատուից գումար ստանալու և աշխատանքների դիմաց վճարելու կեղծ խոստումով մինչև 2014թ. մայիսի կեսերը շարունակել է շահագործել նրանց՝ հանձնարարելով կատարել բետոնապատման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին պատվիրատուից ստացել է վճարը, սակայն խոստացված վարձատրությունը չի տվել աշխատանքներն իրականացրած 5 անձանց և, վերջիններիս լքելով Կիրովսկ քաղաքում, հեռացել է:

Քրեական գործի նախաքննության ընթացքում 11 անձ ճանաչվել է տուժող։ 2016 թվականի ապրիլի 14-ին քննիչը որոշում է կայացրել՝ Մ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

*

*