Դատարանը քննեց Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի

Սեդրակ Քոչարյանը դատարանից պահանջում է հրապարակայնորեն հերքել
qocharyan-vanecyan

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

2018թ. սեպտեմբերի 11–ի հայտնի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին ասաց Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը դատարանից պահանջում է հրապարակայնորեն հերքել Վանեցյանի հնչեցրած վերոնշյալ արտահայտությունները։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի խոսքով, ԱԱԾ տնօրենը Քոչարյանների ընտանիք է ասել ու հայցվորը պետք է ապացուցի, որ հենց իրեն՝ Սեդրակ Քոչարյանին է նկատի ունեցել։ «Մենք պնդում ենք, որ հայցվորին նկատի չենք ունեցել ու վերջ: Ընտանիքը լայն հասկացություն է»։

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 11–ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով Քոչարյանի ընտանիքի և «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման սխեմայի մասին, ասել էր հետևյալը.

«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․ փաստերով կխոսենք, և կհրապարակեմ, թե ով ինչ ունի և ոնց ա ձեռք բերել: Ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, և մնացած այլ ունեցվածքները… ապօրինի հարստացումն իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումով է հարուցված քրեական գործը»։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 25–ին։

*

*