Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ ինքնաբացարկի հիմքն առկա է․ Քոչարյանի փաստաբանական խումբ

Միայն վկաներին լսելով՝ ըստ Օրբելյանի՝ դատավարությունը առնվազն 5 տարի կտեւի
orbelyan,-xudoyan,-qoch-pashtpanner

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն որոշել՝ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնե՞ն, թե ոչ, բայց պնդում են, որ բացարկի հիմքն առկա է: Ըստ փաստաբանական թիմի՝ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ եւ երկակի ստանդարտներ է կիրառում: Մասնավորապես՝ Դանիբեկյանը իր նոյեմբերի 7-ի որոշմամբ մերժել է գրավ կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, մինչդեռ իր նախկին որոշումներում, թեեւ անձի կողմից  գործի քննությանը խոչընդոտելու հիմք տեսել է, բայց խափանման միջոց գրավ ընտրելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի փաստաբանները գրավի միջնորդություն էին ներկայացրել դատարանին ՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի գրավը կարող է չեզոքացնել խոչընդոտելու վտանգը: Բարձր դատարանը նշել  է, որ ոչ միայն վարույթ իրականցնող մարմնից թաքնվելու դեպքում, այլեւ այսուհետ գործի քննությանը խոչընդոտելու դեպքում պետությունը կարող է բռնագանձել գրավադրված գումարը: Դատավոր Դանիբեկյանը, սակայն, գտել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը դեռ պահպանված է, եւ գրավը չի կարող չեզոքացնել այն:

Փաստաբաններն անդրադարձել են նաեւ պնդումներին, թե իրենք ամեն կերպ ձգձգում են դատավարությունը: Ըստ փաստաբան Օրբելյանի՝ իրենք հաճույքով կմտնեն դատական վիճաբանությունների փուլ, բայց այդ փուլում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի: Միայն վկաներին լսելով,՝ ըստ Օրբելյանի, դատավարությունը առնվազն 5 տարի կտեւի, եւ այդ ընթացքում Քոչարյանը չի կարող կալանավորված մնալ:

*

*