ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` դեկտեմբերի 7-ի որոշումը: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Այս մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի` հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: