Քոչարյանի տան վրա նռնակ նետած անձին մեղադրանք է առաջադրվել

Հովհաննես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով...
robert-qocharyan-arandznatun-nrnak

ՀՀ երկրորդ նախագահի տան վրա ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության համար։

 

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, նախաքննությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են  ձեռք բերվել առ այն, որ  32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում,  իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։

Բացի այդ, Հ. Մուրադյանի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է  զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը  քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014թ-ից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:

Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:

Ապրիլի 20-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Հ. Մուրադյանին 2016 թվականի ապրիլի 21-ից  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժին տեղավորելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները