Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով:
qocharyan,-dataran

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչեւ հունվարի 21-ը` ժամը 13:00: Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:

Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաեւ խտրական վերաբերմունք է դրսեւորում դատավարության մասնակիցների նկատմամբ: Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որեւէ սպառնալիք չի հնչել:

Պաշտպան Միհրան Պողոսյանը հրապարակել է այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումը և նշել. «Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալուց պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։ Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ»:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին տուժողի իրավահաջորդը, դիմելով պաշտպանական կողմին, ասել էր. «Թող հարգեն մարտի 1-ը եւ չփորձեն ինչ-որ այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»:

 

 

*

*