Ռոբերտ Քոչարյանը դիմելու է Վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ

Խոստովանում են, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եւս ճնշումներ են եղել դատարանների վրա․․․
qocharyan-pastabanner

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմելու են Վճռաբեկ դատարան, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանք Քոչարյանի կալանավորման որոշումը համարում են աննախադեպ:

Թեպետ խոստովանում են, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եւս ճնշումներ են եղել դատարանների վրա, եւ նույնիսկ փաստաբաններից Հայկ Ալումյանն առաջին բողոքը Եվրոպական դատարան է ներկայացրել հենց Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում, սակայն ներկա ճնշումները, ըստ նրանց ՝ գերազանցում են նախորդներին:

Շինծու քրեական գործ, անձնական վենդետայի մոլուցք, կենցաղային քննարկումներ՝ կալանքի շուրջ, կալանավորման որոշում: Այսպես են բնութագրում կատարվածը Քոչարյանի փաստաբանները: Նրանք համոզված են Ռոբերտ Քոչարյանի անմեղության մեջ եւ փորձում են այն ապացուցել: Համոզված են նաեւ, որ գործը հատուկ հանձնարարվել է այն դատավորին, որը խոցելի է սպառնալիքների դեմ: Փաստաբաններն իրենց հիմնավորումներում բազում անգամներ հղում են արել նախօրեին հրապարկված գաղտնալսման բովանդակության վրա։

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ դատարանի վրա ուղղակի ազդեցություն ունեն եւ տեղյակ են հավանական վճիռների մասին ԱԱԾ տնօրենն ու Հատուկ քննչական ծառայության պետը, ինչը նորություն չէ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչ վերաբերվում է 0038 հրամանին, ապա փաստաբանների խոսքով՝ այդ թուղթը, որը նույնիսկ չունի ամիս-ամսաթիվ, իր մեջ չի պարունակում այնպիսի տարր, որը հիմք կարող է հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, կամ՝ ենթադրի նրա կողմից Սահմանադրական կարգի տապալում: Խոստանում են, որ որոշ ժամանակ հետո դրանում կհամոզվեն բոլորը:

*

*