Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ևս բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան

Քոչարյանի կալանավորման խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքարկումը կքննվի այս շաբաթ:
hayk-alumyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 6-ին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանները արդեն իսկ բողոք են ներկայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ սկզբունքային առումով իր բողոքը չի տարբերվելու մյուս պաշտպանների ներկայացված բողոքից:

«Սկզբունքային առումով չի տարբերվելու, որովհետև մենք համակարծիք ենք այս հարցում, բայց ես էլ իմ սեփական փաստարկներն ունեմ փաստաբանների կողմից ներկայացված այդ նույն հիմնավորումներին և հանգամանքներին: Տարբերությունը փաստարկման ոճի և մոտեցումների մեջ է, բայց սկզբունքային առումով ոչ մի տարակարծություն չունենք»,- նշեց Ալումյանը:

Պաշտպանը կարծում է, որ Քոչարյանի կալանավորման խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքարկումը կքննվի այս շաբաթ:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից:

*

*