Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ մեկ հաղորդում է ստացել

«Այն վերաբերել է ընտրողի ազատ իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն»
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեն ԱԺ արտահերթ ընտրությունների օրվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ  դեկտեմբերի 9-ին ստացել է ընդամենը մեկ հաղորդում: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը:

«Այսօրվա ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեն ստացել է ընդամենը մեկ հաղորդում: Այն վերաբերել է ընտրողի ազատ իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: Իրականացվում են համապատասխան գործողություններ: Այս պահի դրությամբ՝ քրեական գործեր չեն հարուցվել»,- ասաց Սահակյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, կառավարության որոշմամբ, օրեր առաջ Քննչական կոմիտեում ստեղծվել է հատուկ մասնագիտացված ստորաբաժանում` ընտրական հանցագործությունների գործերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Դրանում ընդգրկվել են համապատասխան որակավորում ունեցող, մասնագիտացված քննիչներ: Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծել է աշխատանքային խումբ` ԱԺ արտահերթ ընտրության ընթացքում և դրան հաջորդող շրջանում պատշաճ վերահսկողություն իրականացնելու և աշխատանքները համակարգելու նպատակով:

Մինչ ընտրության օրը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ  Քննչական կոմիտեն ստացել է վեց հաղորդում, որոնցից երկուսն արձանագրվել են Արմավիրի, երկուսը` Արարատի, և մեկական դեպք՝ Լոռու և Արագածոտնի մարզերում: Դրանք վերաբերել են քարոզչություն իրականացնելը խոչընդոտելուն և ընտրակաշառք բաժանելու և այլ դեպքերի:

*

*