Շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում
zinvor-mah

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Արցախում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի վերաբերյալ:

«2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո, Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով (Ինքնասպանության հասցնելը` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

*

*