Դիակներից մեկի ինքնությունը պարզված չէ. քննչականը մանրամասներ է հայտնում Արարատի ավտովթարից

... իգական սեռի դիերը հանդիսանում են Արմաշ գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1965թ. և 2003թ, Սուրենավան գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1996թ., 1999թ.
zodi-kamurj,-vtar

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Որոշում է կայացվել՝ քրեական գործի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:

Վթարի հետևանքով այրված դիերը ներկայացվել են ճանաչման, որի արդյունքում պարզվել է, որ արական սեռի դին հանդիսանում է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1962 թվականին, իգական սեռի դիերը հանդիսանում են Արմաշ գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1965թ. և 2003թ, Սուրենավան գյուղի բնակչուհիներ՝ ծնված 1996թ., 1999թ., մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Ինքնությունը չպարզված դիակից վերցվել է արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Պարզվել են նաև «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Սուրենավան գյուղի երեք բնակիչներ՝ ծնված 1984թ., 1991թ. և 2007թ., Երասխ գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 2004թ., և մեկ  Արարատ քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1977 և 2006թթ.: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում տուժել են «Տոյոտա Հիլուքս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, ինչպես նաև՝ երեք ուղևորները՝ Երևան քաղաքի 1953թ. ծնված բնակիչը և Վայք քաղաքի երկու բնակիչները՝ ծնված 2011 և 1973թթ.:

«ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի՝ 1998թ. ծնված վարորդն ու ուղևորը՝  ծնված 1996թ., վնասվածքներ չեն ստացել:

Վթարի ենթարկված երեք ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագին  դեպքի  պահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, և համաձայն զննության արդյունքների՝ «ՎԱԶ 21063»-ի և «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում, հարցաքննվել են վնասվածք ստացած անձիք և ականատես վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական և դատաավտոտեխնիկական  համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

*

*