ՔԿՀ-ներում հնարավոր է թույլատրվի բջջային հեռախոսների կիրառումը

«Օրինականացման դեպքում հնարավոր է նաև որոշակի վերահսկողություն իրականացնել»
bjjayin-herakhos

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ բջջային հեռախոսների թույլատրումը քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտություն է: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հնարավոր է հեռախոսների կիրառումը թույլատրվի ՔԿՀ-ներում, սակայն միայն հանձնուկների ինստիտուտի միջոցով:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում անձը հեշտությամբ ձեռք է բերում հեռախոս: Օրինականացման դեպքում հնարավոր է նաև որոշակի վերահսկողություն իրականացնել, սահմանել հեռախոսների գրանցում: Ընտանիքի հետ կապը նաև կանխարգելիչ, անձի ուղղման գործառույթ է իրականացնում, նա չի կտրվում հասարակությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով ևս՝ հեռախոսների թույլատրումը ՔԿՀ-ներում անհրաժեշտություն է:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ մարդու իրավունքների ռազմավարությունում իրենք նշել են նաև համապատասխան կետ՝ դիտարկել բջջային հեռախոսների թույլատրման  հարցը: Սակայն վերլուծությունները վկայում են, որ աշխարհում շատ քիչ երկրներ են դրանք թույլատրում: Չթույլատրելու պատճառներից մեկն այն է, որ հեռախոսներն օգտագործվում են հանցագործություններ, խարդախություններ կատարելու համար:

*

*