Բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

2 անձի մեղադրանք է առաջադրվել:
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1961 թ. ծնված Մ.Խալաթյանը, դեռևս 1999 թվականից ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ ապրանքների և ծառայությունների ընդունման նպատակով մշտական գործող տեխնիկական հանձնաժողովի կազմում, լիազորված է եղել ստուգել ընդունվող ապրանքի և ծառայությունների համապատասխանությունը ապրանքների և ծառայությունների գնման պայմանագրերով ամրագրված տեխնիկական բնութագրերին և պահանջվող որակական չափանիշներին։

ՀՀ ՊՆ-ի հետ շարունակաբար կնքված պայմանագրերի շրջանակներում 2008թ. աշնանը ներկայացել է ՍՊ ընկերությանը պատկանող արտադրամաս և ընկերության կողմից հետագա տարիներին սպասվող գործունեության ընթացքում «բարեհաճ վերաբերմունքի»՝ հարկ եղած դեպքում ընկերության տնօրենի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար պահանջել է յուրաքանչյուր տարի կնքվող պայմանագրերի ընդհանուր գումարի 7%-ը՝ դրա փոխարեն ապահովելով ընկերության կողմից հետագա տարիներին կնքվելիք պայմանագրերով մատակարարման ենթակա արտադրանքի՝ առանց խնդիրների ընդունումը:

Համաձայնության գալով՝ ՊՆ պաշտոնյան 2008-2012թթ. ընթացքում ստացած շուրջ 31.120.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերից շեղումներով արտադրված կահույքի ընդունումն ու ՊՆ կենտրոնական պահեստ մուտքագրումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Մ.Խալաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), իսկ ընկերության տնօրենին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

*

*