Պերմյակովը՝ երեխաներին սպանելու մասին. «Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին…»

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով հերթական դատական նիստը:
permyakov-spanutyun

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստի ընթացքում հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները. դատարանն այս նիստը սկսեց գործի տասնմեկերորդ հատորից:

Այս անգամ ևս Պերմյակովի ցուցմունքների մեջ անհամապատասխանություններ կային. ըստ ԴՆԹ փորձաքննության արդյունքների` Պերմյակովի ինքնաձիգի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի մատնահետքը, Սերյոժա Ավետսյանի դիակի վրա վզի շրջանում հայտնաբերվել են նաև քերծվածքներ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը կրակելու ժամանակ շատ մոտ է գտնվել: Մեղադրյալը, սակայն, հարցաքննության ժամանակ նշել է, որ կրակելու ժամանակ շատ հեռու է կանգնած եղել, և Սերյոժա Ավետիսյանը չի փորձել բռնել ինքնաձիգը:

Մեկ այլ ցուցմունքի ժամանակ հարց է հնչել նախկին ցուցմունքներում նշած տաքսու վարորդի մասին, Պերմյակովը հերթական ցուցմունքի ժամանակ նշել է, որ նման բան չի եղել և ինքը չի զանգել ոչ մի տաքսու վարորդի ու ոչ մի բան չի պատվիրել:

«Չեմ կարող ասել` ինչու եմ այդպես ասել»,- եղել է Պերմյակովի պատասխանը:

Հրապարակվեցին նաև ցուցմունքներ Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջայինների, մուտքային ու ելքային զանգերի վերաբերյալ: Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչո՞ւ է Պերմյակովը սպանել երեխաներին, Պերմյակովը պատասխանել է.

«Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի»,- նշել է Պերմյակովը:

Հակասություններ եղել են նաև երեխաների սպանության հետ կապված հարցաքննությունների ժամանակ:

Ապրիլի 29-ի նիստին հրապարակվեցին ամբաստանյալի բոլոր նախաքննկան ցուցմունքները:

*

*