Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում

ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումն անվերապահորեն ու լիովին ․․․
permyakov-gyumri-spanutyun-avetisyanner

ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումն անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հաշվի առնելով առկա իրողությունները և նպատակ հետապնդելով ապահովել ՀՀ դատարանի կայացրած դատավճռի կատարումը՝ ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև կայացել են քննարկումներ՝ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում խնդիրը լուծելու համար:

Վ. Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու նպատակով նշված պայմանագրի շրջանակներում նախատեսված հետագա իրավական գործընթացների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրությանը կտեղեկացնի հավելյալ:

*

*