ՊԵԿ նորանշանակ փոխնախագահը կհարցաքննվի. ԱԱԾ պետ

«Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնին, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի»

ԱԱԾ-ի կողմից ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է համապատասխան ծանուցագիր, նա կհրավիրվի հարցաքննության: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվելու է, որովհետև ներկա է եղել սուպերմարկետներին գյուղմթերքի դիմաց 20 տոկոս եկամտահարկի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելու որոշմանը: Նա միևնույն ժամանակ նշեց, որ Մաշադյանը որպես վկա է կանչվում ԱԱԾ:

«Նա հայտարարել է, որ կա պայմանավորվածություն, և պետք է բացատրի՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Հարցին, թե ինչո՞ւ Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց, եթե կային նման կասկածներ, Վանեցյանը պատասխանեց. «Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնին, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի։ Եթե մարդն արել է ինչ-որ արարք, պետք է պատասխան տա»։

Դիտարկմանը՝ նրանք հայտարարում են, թե դա արվել է գյուղացիներին օգնելու համար, Վանեցյանն արձագանքեց. «Գյուղացիներին բանան ծախելով, նարինջ ծախելով են օգնո՞ւմ, թե՞ դրսից ներկրված ելակի կամ պոմիդորի ու վարունգի հարցով: Ներկրված ապրանքներն ավելի մեծ են տոկոսով, քան տեղի ապրանքները: Տեղի ապրանքները վաճառվում են շուկաներում, որտեղ, այսպես, թե այնպես, ոչ մի բան պետք չէ»:

*

*