Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանն առաջարկեց 1 միլիոն ՀՀ դրամ գումար:
Պաշտպանի խոսքով` Պավել Մանուկյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է և նա լուրջ բուժման կարիք ունի:
Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց պաշտպանի միջնորդությունը:
Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլը` հաշվի առնելով իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանի մահվան հանգամանքը:
Հիշեցնենք, որ նրանք հոկտեմբերի 3-ին հացադուլ էին հայտարարել՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով: