Ովքե՞ր եւ ինչո՞ւ են նախկինում զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից

Վանո Սիրադեղյան, Սասուն Միքայելյան, Վարդան Օսկանյան...
manvel-grigoryan2 (1)

Վաղը՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը:

ՀՀ Ազգային ժողովում առաջին անգամ չէ, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարց է քննարկվելու: Այսպես.

1992-97թթ-ին ՀՀ ներքին գործերի նախարարի, 1997-99թթին Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած Վանո Սիրադեղյանին մեղադրանք էր առաջադրվել, որ վերջինս, հանդիսանալով ներքին գործերի նախարար, կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որի անդամներին հանձնարարել է հարձակումներ գործել առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ:

Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է 1999 թվականի փետրվարի 19-ին, եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով:

1999թ-ի մայիսի 7-ին ազատվել է կալանքից, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը՝ մինչեւ 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը եւ զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը, և նա մինչ օրս գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

2008թ-ի նախագահական ընտրություններին հաջորդած Մարտի 1-ի իրադարձությունների գործով Ազգային ժողովը 2008թ-ի մարտի 4-ին բավարարեց այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու թույլտվություն տալու մասին: Պատգամավորներին մեղադրանք էր առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով՝ սպանությամբ ուղեկցված զանգվածային անկարգություններ եւ իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ կազմակերպելու մեղադրանքով:

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերջին դեպքը կապված է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, ում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու համար 2012թ-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը 64 կողմ և 6 դեմ ձայներով որոշում կայացրեց:

Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աղվան Հովսեփյանի՝ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ ներկայացրած միջնորդագրում նշված էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել` փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Մինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ` դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով:

Ամիսներ անց՝ 2013թ-ի հուլիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը դադարեցրեց սույն գործի շրջանակներում Վարդան Օսկանյանի հանդեպ քրեական հետապնդումը:

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները