Փաստաբանին մինչև 100 հազար դրամով տուգանելու վերաբերյալ դրույթը դեռ ուժի մեջ է

Փաստաբանների հետ առանձին քննարկում չեն ունեցել
pastabanneri-palat (1)

Դատական նիստի ընթացքում դատավորի կողմից փաստաբանին մինչև 100 հազար դրամով տուգանելու վերաբերյալ դրույթը, որը հանվել էր դատական օրենսգրքից, ներառվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկման դրվեց Ազգային ժողովում:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ: «Փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու վերաբերյալ դրույթները, որոնք մենք հանեցինք Դատական օրենսգրքից, ներառվել են այս նախագծում՝ ավելացնելով Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ նախագիծը ենթարկվել է որոշակի փոփոխությունների նաև «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկների հիման վրա: Քանի որ նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ էր ներկայացրել միայն «Ելք» խմբակցությունը, հիմնական զեկուցողին հարցեր տալու իրավունք տրվեց միայն այդ խմբակցության պատգամավորներին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկե՞լ են Փաստաբանների պալատի անդամների հետ, տեղյա՞կ են, որ փաստաբանները իրենց պատճառաբանված մտահոգությունն են հայտնել ու դիմել են աննախադեպ քայլի՝ գործադուլի:

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ փաստաբանների հետ առանձին քննարկում չեն ունեցել, սակայն ընդհանուր գաղափարը նրանց հասանելի է եղել այն ժամանակ, երբ այդ հարցը քննարկվում էր Դատական օրենսգրքի շրջանակում:

*

*