Փաստաբանական պալատում ընտրությունն ավարտվել է, բայց կրքերը չեն հանդարտվում

Զարմանալի է, որ անգամ պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը չի հավաքել անհրաժեշտ ձայներ...
pastabanneri-palat

Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են կառույցի գործող նախագահ Արա Զոհրաբյանի համակիրների հաղթանակով, որոնք 12 անձանցից բաղկացած ցուցակով միասնական քարոզարշավ էին իրականացրել: Այդ ցուցակում ընդգրկված ու արդեն ընտրված անդամ Սեդրակ Ասատրյանը ոչ թե տարօրինակ, այլ բնական է համարում նույն գաղափարների շուրջ հավաքված փաստաբանների հաղթանակը:

«Այնպես չէ, որ իմ օգտին քվեարկած բոլոր փաստաբանները քվեարկել են մեր թիմի մյուս անդամների օգտին: Նույն քվեաթերթիկում կային ինձ հետ ընտրված փաստաբաններ, որոնց հետ մենք գաղափարական ընդհանրություն չունենք»,- ասաց պալատի խորհրդի նոր ընտրված անդամ Սեդրակ Ասատրյանը։

Փաստաբանների պալատի խորհրդի անդամի համար առաջադրված, բայց բավարար ձայներ չստացած փաստաբան Լուսինե Սահակյանը, որը պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի շուրջ համախմբված անձանցից է, բնական է համարում հենց Արա Զոհրաբյանի 12 համակիրների հաղթանակը, քանի որ, ըստ նրա, օգտագործվել է վարչական ռեսուրսը:

«3,5 տարի մենք խոսում ենք այն մասին, որ շատ լուրջ խնդիրներ կան պալատում, եւ ամեն ինչ արվում է, որ պալատում կարծիքը լինի միատարր: Ըստ էության, խորհրդում կային եզակի անձինք, որոնք ունեին տարբերվող կարծիք ու խանգարում էին: Արա Զոհրաբյանն ուներ հնարավորություն ապացուցելու, որ մենք սխալվում ենք, բայց նա դա չարեց, այլ հակառակը՝ հիմնավորեց»,- պնդում է պալատի խորհրդի անդամի նախկին թեկնածու Լուսինե Սահակյանը։

Սեդրակ Ասատրյանն ու Լուսինե Սահակյանն ընտրություններին առնչվող մեկ ընդհանուր մտահոգություն այդուամենայնիվ ունեն՝ փաստաբանների մասնակցության բարձր ցուցանիշը տեւական ժամանակ կուտակումներ է առաջացրել ընտրատարածքում: Իսկ առհասարակ, ընտրությունների ողջ ընթացքը ձայնագրվել է, բողոքներ վստահված անձանց կողմից չեն արձանագրվել: Զարմանալի է միայն մեկ հանգամանք, որ անգամ պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը չի հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդում տեղ զբաղեցնելու համար:

Մարտի 14-ից Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը կստանձնի իր լիազորությունները, իսկ մինչ այդ, Սեդրակ Ասատրյանը եւս մեկ անգամ հիշեցնում է՝ աշխատանքի ընթացքում անձնականն ու գործնականը երբեք չի խառնելու իրար, քվեարկելու է միայն ներքին համոզմունքներից ելնելով, իսկ առաջիկայում պալատի զարգացման ուղղությամբ աշխատանքները տարաբնույթ են լինելու:

«Պետք է պալատում շատանան կլոր սեղան քննարկումները դատական համակարգի, նախաքննական մարմնի ներկայացուցիչների հետ: Այն բոլոր խնդիրները, որոնք խանգարում են փաստաբանի բնականոն աշխատանքին եւ համակարգային են, պետք է արագ լուծում ստանան: Փաստաբանությունը Հայաստանում ոչ միայն լուրջ դեր պետք է ունենա իրավական պետության զարգացման գործում, այլ նաեւ տնտեսության զարգացման, ինչպես աշխարհում է ընդունված»,- ասում է Սեդրակ Ասատրյանը։

Փաստաբանների միջեւ առկա բանավեճը լավատեսները մեկնաբանում են՝ բոլորի նպատակը կառույցի զարգացումն է, միայն մի տարբերությամբ՝ յուրաքանչյուրը յուրովի է տեսնում այդ զարգացումը:

Հեղինակ՝

Նունե Հովսեփյան

*

*