Նոր մանրամասներ՝ փաստաբանների միջեւ տեղի ունեցած միջադեպից

Արմեն Սողոմոնյանն ու Տիգրան Աթանեսյանը պնդում են՝ 4 հոգով ներս են մտել ու սկսել հարվածներ տեղալ:

Փաստաբանների միջեւ տեղի ունեցած միջադեպը նախապատմություն է ունեցել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միջադեպի անմիջական մասնակից, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը: Բայց մինչ մանրամասներին անդրադառնալը, նշեց:

«Ցավում եմ կատարվածի համար եւ, որպես փաստաբան, համարում եմ, որ չպետք է հայտնվեին նման իրավիճակում»:

Ըստ Սիմոն Բաբայանի՝ իրեն տուժող համարող Տիգրան Աթանեսյանն օրեր առաջ ֆեյսբուքյան խմբերից մեկում վիրավորել է վերջերս փաստաբանական արտոնագիր ստացած մի երիտասարդի, Սիմոն Բաբայանն էլ, որպես փաստաբանական դպրոցի տնօրեն, հաջորդ օրը կոչ է արել անկախ մասնագիտական փորձից տարբերակում չդնել փաստաբանների միջեւ: Դրան հաջորդել է Տիգրան Աթանեսյանի սեռական բնույթի հայհոյանքները Փաստաբանական դպրոցի տնօրենի հասցեին մեկ այլ գրառման տակ: Եվ հենց այդ հայհոյանքներն են եղել պատճառը, որ Սիմոն Բաբայանը գնացել է Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակ:

Փաստաբաններ Արմեն Սողոմոնյանն ու Տիգրան Աթանեսյանը պնդում են՝ 4 հոգով ներս են մտել ու առանց որեւէ բան ասելու սկսել հարվածներ տեղալ: Սիմոն Բաբայանն էլ մեկ այլ բան է ասում:

«Առաջին հարվածողը Տիգրանն էր, առաջին հայհոյողը Տիգրանն էր: Եվ, բնականաբար, կարելի է ասել տղայական հողի վրա այդ քաշքշուկը ստեղծվեց: Իհարկե, չեմ ցանկանում, որ նման իրավիճակներ լինեն, բայց այլ տարբերակ չունեի, քան պարզաբանում պահանջել նրանից»:

Ըստ Սիմոն Բաբայանի ինքը եկել է Արմեն Հարությունյանի հետ, իսկ փաստաբաններ Վրեժ Խաչիկյանն ու Գեւորգ Մկրտչյանն էլ ընկերակցել են պարզապես միջադեպ թույլ չտալու համար, նրանք ոչ թե մասնակցել են, այլ փորձել հանդարտեցնել: Տիգրան Աթանեսյանը կրկին հակառակն է պնդում:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*