Փաստաբանները՝ բակտերիաների, ձկների եւ գործելու շյուղերի մասին

«Պատկերացնու՞մ եք՝ ամբողջ աշխարհն իմանա, որ...»
pastabanner

Այսօր Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ հավաք-քննարկում, որը վերաբերում էր դատարաններում և քրեակատարողական հիմնարկներում զննություններին ու խուզարկություններին:

«Մենք որոշեցինք բողոքի ակցիա իրականացնել («Սասնա ծռերի» այսօրվա դատական նիստին չմասնակցելով-խմբ.), որպեսզի հանրության և պետության ուշադրությունը հրավիրենք այս խնդրի վրա: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ փաստաբանությունը արդարադատության 5-րդ անիվն էր: Ցանկացած դատավարություն, որին փաստաբան չի մասնակցում, արդեն իսկ թերի է»,- նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Քննարկման ժամանակ փաստաբաններն անդրադարձան ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից ներկայացված այն ցանկին, համաձայն որի՝ արգելվում էր դատարան բերել ձկներ, թռչուններ, գործելու շյուղեր, մաչետե և այլ իրեր:

Ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի՝ այդ փաստաթուղթը ծաղր է պետության նկատմամբ: Իսկ Աթանեսյանն այն նույնացրեց «Comedy club»-ի տեքստի հետ:

«Պատկերացնու՞մ եք՝ ամբողջ աշխարհն իմանա, որ ՀՀ դատարաններում արգելում են մտցնել շյուղեր, բակտերիաներ ու վիրուսներ, թվում է՝ ծիծաղելի է, բայց սա ողբերգություն է: Այսպես անլուրջ չպետք է վերաբերվել պետությանը»,- մտահոգություն հայտնեց Աթանեսյանը:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Վերջինս նշեց, որ քննարկմանը չի մասնակցելու, եկել է որպես ունկնդիր:

ara-zohrabyan-pastabanner

 

 

 

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*