Առաջարկվում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք

Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ
ardaradatutyan-naxararutyun

Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին (կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ) վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար, սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, գտնում ենք, որ քրեական պատասխանատվություն նախատեսելը պրեվենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա», — նշված է նախագծի հիմնավորման մեջ:

*

*