Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արգելում է ոստիկանության կողմից շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառումը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս չեն կարող կիրառել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Սակայն կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
«Նշված հիմնավորումները բավարար չեն օրինագծին հավանություն տալու համար, քանի որ շարժական տեսանկարահանող սարքերի շահագործումն ունի իրավախախտումները զսպող էֆեկտ և իրականացվում է Սահմանադրությանը համապատասխան»,- ասաց ոստիկանապետը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել, թե որ շարժական տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը, քանի որ կա 3 տիպի շարժական տեսանկարահանող սարք՝ պետավտոտեսչության ավտոմեքենաների մեջ զետեղվող, ոստիկանների համազգեստների վրա օգտագործվող տեսախցիկներ և իրավախախտումներ արձանագրող տեսանկարահանող սարքերով մեքենաները: Ոստիկանապետը պատասխանեց, որ կարգավորումները վերաբերում են շրջիկ` խախտումներ արձանագրող մեքենաներում տեղադրված տեսախցիկներին:
Օսպյան միաժամանակ հավելեց, որ այդ մեքենաները հատուկ կահավորված են լինելու տարբերանշաններով, այսինքն վարորդները հնարավորություն են ունենալու նախապես տարբերել այդ մեքենաները: Նաև ցուցանակներ են տեղադրված լինելու, այսինքն վարորդը նախապես տեղեկացված է լինելու, որ նկարահանվում է այդ տարածքում:
Վարչապետը նկատեց, որ այստեղ առաջանում են հակասություններ. «Մենք ասում ենք` մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ մենք պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք՝ ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,- ասաց վարչապետը:
Ոստիկանապետը արձագանքեց, ասելով, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում: Նրա խոսքով` վարչապետի հանձնարարականի համաձայն, շուտով օրինագիծ կներկայացվի, որտեղ ներառված կլինի տուգանքի չափերի նվազեցման մասին օրինագիծը: Դրանով տուգանքներն էապես նվազելու են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խնդրին հետագայում անդրադառնալ և փաթեթային լուծում տալ: