Պանամայի օֆշորի գործերով օրերս նոր անունների բացահայտումներ են սպասվում

«Հետք» պարբերականի լրագրող Աղալարյանը պատմեց, թե ինչպե՞ս է բացահայտվել, որ Միհրան Պողոսյանը Պանամայի Օֆշորում է:
ofshor-panama

aravot.am — Գերմանական մի թերթ Պանամայում եւ այլ օֆշորային գոտիներում գրանցված բիզնեսների մասին ստացել է արտահոսված փաստաթղթերի մի տրցակ եւ քանի որ այդ թերթը չի ունեցել միջազգային հետաքննություններ կազմակերպելու  ունակություններ, այդ փաստաթղթերը տրամադրել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին` ICIJ-ին:

Այս մասին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» «Ի՞նչ պետք է իմանա լրագրողը օֆշորի եւ օֆշորային գործարքների մասին գրելիս» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Հետք» պարբերականի լրագրող Քրիստինե Աղալարյանը, որը «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ հաշիվները շվեյցարական բանկերում» նյութի համահեղինակն է:

Քրիստինե Աղալարյանը պատմեց, թե ինչպե՞ս է բացահայտվել, որ Միհրան Պողոսյանը Պանամայի Օֆշորում է: Ըստ նրա, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը, ստանալով գերմանական թերթի տեղեկությունները, կազմակերպել է այդ հետաքննությունների համակարգումը, որին մասնակցել են 70-ից ավելի պետությունների 400-ից ավելի լրագրողներ: «Ստեղծվել է մի օնլայն խմբագրություն, որն աշխատում է միայն օնլայն հարթակում, բայց համագործակցում է ամեն վայրկյան, ամեն րոպե, եւ այդ համագործակցությունը շատ արդյունավետ է, ցանցում եղած բոլոր այդ փաստաթղթերը հասանելի էին բոլոր լրագրողներին, որոնք ներգրավված են ցանցում: Հայաստանից հետաքննությունն արել է «Հետքը»:

«Եթե ինձ պետք էր ասենք` Լիտվայում ինչ-որ ընկերության կամ հայ պաշտոնյայի մասին տեղեկություններ, օգնում էին լիտվացի լրագրողները, եթե նրանց պետք էին Հայաստանի մասին տեղեկություններ` ես էի օգնում նրանց, այսպես ասած` գլոբալ խմբագրություն էր»,- ասաց Քրիստինե Աղալարյանը: Ցանկն ուսումնասիրելիս փաստաթղթերում ամենաակնառուն, որն աչքի է զարնել, եղել է Միհրան Պողոսյանի անունը:

Ի դեպ, երբ «Հետքի» լրագրողը հետաքննության ավարտին արդեն հարցում է արել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին, նրա ղեկավարած գերատեսչությունից պատասխանել են` Միհրան Պողոսյանը օֆշորում գրանցված նշյալ ընկերությունների հետ որեւէ առնչություն չունի:

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդե (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգե  (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստե ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են հավաստիացել, որ հենց ԴԱՀԿ պետի` նույն Միհրան  Պողոսյանի մասին է խոսքը, այլ ոչ թե Հայաստանից մեկ այլ քաղաքացի Միհրան Պողոսյանի, Քրիստինե Աղալարյանն ասաց, որ փաստաթղթերում Միհրան Պողոսյանի անձնագրի պատճեն, սերտիֆիկատը, տան հասցեն այդ բոլոր անհրաժեշտ եւ հավաստող փաստաթղթերը կան:

Քրիստինե Աղալարյանն ասաց, որ, եթե մեր իրավապահ մարմինները, որոնք այս գործով ներկայումս  զբաղվում են, չկարճեն հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, եւ ապացույցներ պահանջեն, պետք է դիմեն ICIJ-ին, որը կրողն է այդ փաստաթղթերի եւ այդ կազմակերպությունից ստանան:

Իսկ թե ինչպիսի նոր սկանդալային տեղեկություններ են բացահայտվելու եւ որ պաշտոնյաների, քրեական անցյալ ունեցող անձանց անուններ են հրապարակվելու, որոնց բիզնեսները գրանցված են Օֆշորում կիմանանք մայիսի 9-ին, ասաց Քրիստինե Աղալարյանը:

*

*