Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները

Հարցին, թե ինչ է փնտրում ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում՝ պաշտոնյան ասաց՝ «չարաշահումներ»․․․
osipyan

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է խոսակցությունները, թե Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությունը հաջող չի ընթանում: «Ես նման բան չէի ասի, ստեղծված այդպիսի իրավիճակ չկա: Իսկ ձեզ հետ շատ չեմ շփվում, քանի որ որոշ օգտատերեր ինձ քննադատում են, որ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսին, քան աշխատանքին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետը:

Հարցին, թե ինչ է փնտրում ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում՝ պաշտոնյան ասաց՝ «չարաշահումներ» և հավելեց, որ այդ մասին այսօր հայտարարությամբ հանդես կգա Ոստիկանության լրատվության ծառայությունը:

Ինչ վերաբերում է հունիսի 20-ին ոստիկանության լայնամասշտաբ գործողություններին՝ կապված քրեական հեղինակությունների բնակարաններում խուզարկությունների հետ, ոստիկանապետը նշեց, որ ունեցել են օպերատիվ տեղեկություններ, իսկ թե ինչ՝ ենթակա չէ հրապարակման: «Քրեական հեղինակություններն ինձ ու ձեր պես մարդիկ են, ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն իրավունքներ ու պարտականություններ, անկախ ամեն ինչից՝ ցանկացած մարդ պետք է ենթարկվի օրենքին»,-նշեց Օսիպյանը՝ շեշտելով, որ օրենքի առջև բոլորը հավասար են:

Նա նաև ավելացրեց, որ իրենց այս գործառույթների իրականացումը պայմանավորված չէ այս կամ այն անձանց ով լինելով, այլ պարզապես իրենք ստուգումներ են կատարում այնտեղ, որտեղ կան չարաշահումներ:

*

*