Իրավապահները թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին բռնել են Նուբարաշենի թռչնաբուծականի վարորդ-առաքիչին

Փորձելով ավելացնել թռչնամսի քաշը և խաբել սպառողներին․․․

Իրավապահները քաշն ավելացնելու նպատակով թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին բռնել և ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկել են ենթարկել Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի վարորդ-առաքիչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 13-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 44-ամյա մի բնակչի:

Պարզվել է` 44-ամյա տղամարդը, որ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատում է որպես վարորդ-առաքիչ, նշված ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնել թռչնամսի քաշը և խաբել սպառողներին: Սակայն Նուբարաշենի 15-րդ փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայում թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին իրավապահներն առաքիչին բռնել էին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

*

*