Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն սպանողը ձրբակալվել է

Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ համարվող նորատուսցի եղբայրներ Ալիկ եւ Արա Բանդուրյանների քեռու տղան էր:
qnnchakan-komite

Գեղարքունիքի մարզում շաբաթ օրը տեղի ունեցած սպանությունը կարելի է համարել բացահայտված։ Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Վերջինս, ըստ տեղեկությունների, Նորադուսի գործող գյուղապետի եղբորոդին է՝ 20 ամյա Մեխակ Հարությունյանը, ով մեղայականով ներկայացել է ոստիկանություն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում «Մակարով տեսակի» ատրճանակով իր վարած «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին սպանվել էր, Գեղարքունիքի ներկայիս փոխմարզպետ, տարիներ շարունակ նույն Նորադուս համայնքի ղեկավար Անդանիկ Հակոբյանի որդին՝ 28 ամյա Հայկ Հակոբյանը։ Սպանության վայրում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ եւ երկու գնդակ:

Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ համարվող նորատուսցի եղբայրներ Ալիկ եւ Արա Բանդուրյանների քեռու տղան էր:

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության, եւ 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Սպանության դրդապատճառների մասին առայժմ ոչինչ չի հայտնվում, սակայն կան տեղեկություններ, որ սպանվածը, ինչպես նաեւ նրա ազգականները, առնվազն երկու անգամ լուրջ բախում էին ունեցել կասկածյալի եւ նրա հոր հետ, գյուղում ծեծի էին ենթարկել նրանց։

*

*