ՄԻՊ. Ոստիկանությունը պարտադիր պետք է ներկայացնի իր գործողությունների հիմքերը

ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
mip

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:  Այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները մեր ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին: Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, իսկ ոստիկանությունը արգելքի հարցում պատճառներ չի ներկայացնում: Ըստ հաղորդումների նույն խնդիրն առկա է նաև փաստաբանների տեսակցության ապահովման հարցում: Այս մասին առկա են նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտոնատար անձինք վիրավորվածներ Ա. Պետրոսյանի և Հ. Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ: Հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կլինեն անհիմն և անթույլատրելի: Փաստաբանների մուտքի անհիմն արգելքը նույնպես անթույլատրելի է: Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծմանը»:

*

*