39 օր հացադուլ հայտարարած կալանավորը ՄԻՊ-ի միջամտությունից հետո համաձայնել է ստանալ պահպանողական բուժում

ՄԻՊ-ի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ...
bant

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները մարտի 19-ին հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

ՄԻՊ-ի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ, ուսումնասիրել են նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնում կատարվել  են  արյան ընդհանուր և կենսաքիմիական, գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության, կրծքավանդակի ռենտգեն, էլեկտրասրտագրության  և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություններ: Կազմակերպվել են նաև նյարդաբանի և հոգեբույժի խորհրդատվություններ:

Կալանավորը նշել է, որ դեռևս շարունակում է հացադուլը, գիշերային ժամերին որովայնի շրջանում ունեցել է ցավեր, սակայն հրաժարվում է անցնել բժշկի կողմից ցուցված արյան հետազոտությունը:

Քաղաքացիական հիվանդանոցի բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում կալանավորը համաձայնվել է ստանալ պահպանողական բուժում: Վերջինս գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ:

*

*