ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորի հետ

Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ:
mip

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների, ինչպես նաև մոնիտորինգային ուսումնասիրությունների հիման վրա չհայտարարված այցեր են իրականացվել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ:

Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Մի շարք դատապարտյալներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:

«Վարդաշեն» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգություններ են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաև բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց: Խնդիր է բարձրացվել է նաև՝ կապված տեսակցությունների վրա արգելանք կիրառելու հետ: Կալանավորվածներից մեկի պնդմամբ՝ գործը քննող մարմնի կիրառած արգելանքի պատճառով շուրջ մեկ տարի չի կարողանում տեսնել ընտանիքին։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձի հետ: Ստուգվել են մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Կալանավորվածի բողոքը վերաբերել է բացառապես իրեն առաջադրված մեղադրանքին ու քննությանը:

*

*