ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում լրագրողների աշխատանքի խոչընդոտումը

Լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է...
pshalar-vostikan

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարել Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝ տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը։

Լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։ Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների:

Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմի կողմից ամփոփովել և ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Հավելենք նաև, որ պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։

 

*

*