ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին

Կառաջարկվի քննարկել խափանման միջոցի հարցը
mip

Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկն այց են իրականացրել քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձ Կոնստանտին Հովհաննիսյանին:

Կոնստանտին Հովհաննիսյանը և նրան խնամող ազգականները մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ գանգատներ չեն ներկայացրել: Անձի առողջական վիճակի, խափանման միջոցի հետ դրա համատեղելիության և այցի ընթացքում բարձրացված այլ հարցերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ ուղղված գրություն:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ։

Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները կապված ինչպես  կալանավորված անձի առողջական վիճակի, այնպես էլ՝ փաստաբան ներգրավելու հետ:

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից ստացվել է պարզաբանում, որ հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակը՝ կալանավորվելուց անմիջապես հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ քաղաքացիական հիվանդանոց, և քննչական մարմնի կողմից թույլատրվել է  նաև նրա մոտ խնամակալի գտնվելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

*

*