Կառավարությունը 3 հազար 600 եվրո հատկացրեց ՄԻԵԴ-ի վճռի կատարման համար

Հատկացվում է ՄԻԵԴ-ի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի համար:
mied

Կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 3 հազար 600 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով։

Պահուստային ֆոնդից գումարն հատկացվում է ՄԻԵԴ-ի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 75651/11 գանգատ) 2017 թվականի մայիսի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի օգոստոսի 18-ն է:

Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է Ռոբերտ Նիկողոսյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին:

Հայցվորը եղել է Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից: 2009 թվականին նա ազատվել է աշխատանքից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել և աշխատանքից ազատման որոշումն անվավեր ճանաչել, ինչպես նաև հրահանգել վերականգնել նրան նախկին պաշտոնում և փոխհատուցում տրամադրել:

Հայցվորը ՄԻԵԴ-ում մասնավորապես բողոքել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել դատարանի վերջնական վճիռը կյանքի կոչելու համար, քանի որ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնին, իսկ իր հարկադիր բացակայության համար սահմանված փոխհատուցման մի մասը մնում է չվճարված: Նա մասնավորապես պահանջում էր 10 մլն 506 հազ 871 դրամի համապատասխան փոխհատուցում:

*

*