Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով եւս 1-ը ձերբակալվել է

Գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով:
qnnchakan-komite

Եղիշե Խաչատրյան ի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով: Այս մասին հայտնում են հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն, Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Հիշյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ին, Արտաշես Չ.-ին և Արարատ Ն.-ին: Վերջիններս կալանավորված են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք նաեւ, որ Հատուկ  քննչական ծառայությունը դեպքի ականատեսներին հրավիրում է բաժին.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթևեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք:

Այն քաղաքացիները, ովքեր կարող են դեպքին առնչվող տեղեկություններ հայտնել կամ իրենց տրամադրության տակ ունեն դեպքին վերաբերող տեսանյութեր կամ լուսանկարներ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ 011 900-035, 011 900-039, էլ. փոստ՝ [email protected]):

Տեղեկատվությունը տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է»:

*

*