Մերի Մարգարյանին կարելի էր փրկել՝ ավելի շուտ ծննդալուծում անելով

Այսօր գործով ցուցմունք է տվել «Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը։
meri-dat

pastinfo.am — Եթե Մերի Մարգարյանն ավելի վաղ կեսարյան հատմամբ ծննդալուծվեր, ապա երեխայի ապրելու հավանականությունը ավելի մեծ կլիներ: Այսօր այդ մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

Ըստ վկա Անդրանիկ Պողոսյանի, երբ ինքը տեսել է իրենց ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանին, նրա վիճակը եղել է ծայրահեղ ծանր, կատարվել են հետազոտություններ, որից հետո Պողոսյանը որոշում է կայացրել կեսարյան հատմամբ Մերիին ծննդալուծել:

Իսկ կեսարյան հատումն առաջին հերթին կատարվել է, որպեսզի պտուղը փրկվի, ապա նաև՝ մոր կյանքը փրկելու համար, ավելին՝ ցանկացած պրեկլամսիայի, HELLP սինդրոմի դեպքում պետք է պտուղը հանվի, որպեսզի մայրը լավանա. միակ բուժումը դա ծննդալուծումն է:

Միևնույն ժամանակ Պողոսյանը փաստեց, որ իրենց ԲԿ-ում կատարվել են բոլոր հետազոտությունները, պտղաջրերը 0 է եղել, այսինքն՝ չի եղել, և չէր կարող մեկ-երկու ժամվա ընթացքում այդ վիճակը լինել: Պտուղն էլ 3-4 շաբաթ տուժել է, այնինչ այդ օրերին կարելի էր կեսարյան հատում կատարել:

Անդրանիկ Պողոսյանը նաև նշեց, որ Մերի Մարգարյանի էպիկրիզում հղիության վերաբերյալ որևէ նշում չի եղել:

Ուստիև՝ կատարված հետազոտություններից ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, ծանր աստիճանի պրեկլամսիա, HELLP սինդրոմ, պտղի ներարգանդային տուժվածություն, պտղաջրերի 0 քանակություն, և պտուղը մոտավորապես իր աճից 4 շաբաթով հետ է մնացել: Այդ պարագայում որոշում է կայացվել անմիջապես կեսարյան հատում կատարել, սակայն երեխան ևս ծանր վիճակում է եղել, և ծնվելուց հետո վերակենդանացման միջոցառումներն անգամ արդյունք չեն տվել, չի հաջողվել փրկել երեխային:

Վկայի խոսքով՝ մինչև Մերի Մարգարյանին «Էրեբունի» ԲԿ տեղափոխելը 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել:

Մերի Մարգարյանի մոտ երկկողմանի թոքաբորբի վերաբերյալ վկայի պնդումները փորձեց կասկածի տակ դնել Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, որը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ հերքվել է թոքաբորբի փաստը, այնինչ նրա իսկ կողմից հրապարակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց, որ «Էրեբունի» ԲԿ-ում Մերի Մարգարյանի ախտորոշումը հիմնականում կատարվել է ճիշտ: Ինչ վերաբերում է բրոնխոպնևմոնիա հիվանդությանը, ապա հարկ է նշել, որ վերջինս չի հաստատվում, ինչպես փորձաքննության ընթացքում կատարված ռենտգեն սկավառակի, այնպես էլ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված ինտերստիցիալ թոքաբորբն առաջացել է մահվանից առաջ կարճ ժամանակում:

Ի պատասխան վկան հավելեց, որ իրենց մոտ արձանագրվել է թոքաբորբը, կարճ վաղեմությունը հաստատվել է, եղել է թոքի այտուցի հետևանքով, ինքը չի պնդում, որ դա կարող էր երկու ժամվա ընթացքում զարգանալ:

Ապա Շուշանիկ Բախշյանը հարց ուղղեց երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող իր գործընկերոջը՝ նշելով, որ 2015թ. հուլիսի 27-ին առավոտյան ժամը 9-ին դրությամբ կատարվել է հետազոտություններ, իրենք HELLP սինդրոմ չեն ախտորոշել և չեն էլ մտածել, իսկ սակավաջրությունը նորմայի սահմաններում է եղել, այդ դեպքում ի՞նչ ցուցումով պետք է կեսարյան հատում կատարեր:

Վկան պատասխանեց, որ Մերի Մարգարյանը տվյալ օրը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ժամը 15.15-ի սահմաններում, իսկ մինչ այդ եթե անալիզները կրկնվեին, ապա հնարավոր կլիներ տեսնել դրանցում առկա փոփոխությունները, Բախշյանն էլ վստահեցրեց, որ Մարգարյանը գտնվել է դինամիկ հսկողության ներքո:

Ըստ Պողոսյանի իրենց ԲԿ տեղափոխվում են տարբեր մարզերից հղիներ, և հսկող բժիշկը գալիս է իր հիվանդի հետ որպեսզի ողջ ընթացքում իր հիվանդի կողքին լինի, իսկ տվյալ պարագայում Մերի Մարգարյանի էպիկրիզում անգամ հղիության մասին որևէ նշում չի եղել:

*

*