Մերի Մարգարյանին անհրաժեշտ է եղել ավելի շուտ հոսպիտալացնել. ԱՆ ներքին քննության արդյունքները հրապարակվեցին

Մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
meri-margaryan

pastinfo.am— Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործով այսօր դատարանը շարունակեց հետազոտել գործի գրավոր ապացույցները:

Հետազոտվեցին Մայրական մահացության դեպքերի Առողջապահության նախարարության կողմի ներքին քննության արդյունքները, համաձայն եզրակացության՝ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառ է հանդիսացել «HELLP» սինդրոմ համախտանիշ, որը հանգեցրել է պոլիօրգանային անբավարարություն:

«Պետք էր հոսպիտալացնել հուլիսի 23-ին, ոչ թե 26-ին, հոսպիտալացումը եղել է ուշացած»,- ասվում է հանձնաժողովի եզրակացության մեջ, որն այսօր՝ օգոստոսի 9-ին, ընթերցվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ուսումնասիրված փաստաթղթի վերաբերյալ տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հաջորդիվ հանդես կգա հայտարարությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին. վերջինս 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Շուշանիկ Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավ, իսկ Անի Բաբելյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

*

*