Վերաքննիչ դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը: Արդյունքում Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումով Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ էր արձակվել: Հունիսի 5-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում էր կայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները դադարեցրնել, գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը: