Քողարկված եղանակով արտահանվել է ձկնեղեն ու խեցգետին որսալու սարքավորումներ — Երկիր Մեդիա

Քողարկված եղանակով արտահանվել է ձկնեղեն ու խեցգետին որսալու սարքավորումներ

...մաքսային տերմինալին ի պահ է տրվել միայն դատարկ բեռնատար ավտոմեքենան
hatuk-qnnchakan

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել մաքսային տեսուչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 01.08.2017թ.-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Գ.-ն իր բեռնատար ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսակետով արտահանել է ավելի քան 16 տոննա միրգ, ձկնեղեն ու խեցգետին որսալու սարքավորումներ: Սակայն մինչ արտահանումը Ա. Գ.-ն հայտարարագրել է միայն միրգը, իսկ մնացած ապրանքների վերաբերյալ հայտարարագրում որևէ նշումներ չի կատարել` նպատակ ունենալով դրանք արտահանել քողարկված եղանակով:

Բագրատաշենի մաքսակետում հսկողություն իրականացնող մաքսային տեսուչներն էլ, ստանալով արտահանման ենթակա հայտարարագրված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը,  թույլ են տվել նշված ավտոմեքենայի բացթողումը մաքսային կետից` առանց դրանում առկա բեռը փաստացի զննելու: Հետագայում Վրաստանի համապատասխան ծառայությունների կողմից հայտնաբերվել են  Ա. Գ.-ի կողմից չհայտարարագրված եղանակով արտահանված ապրանքներն ու արգելվել հետագա բեռնափոխադրումը:

Դրանից հետո  Բագրատաշենի մաքսակետի տեսուչների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն չհայտարարագրված եղանակով ՀՀ-ից արտահանված բեռը որևէ անձի կամ կազմակերպությանը սահմանված կարգով ի պահ հանձնելու փոխարեն, մաքսային տերմինալին ի պահ է տրվել միայն դատարկ բեռնատար ավտոմեքենան: Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոմեքենան Գեղարքունիքի մարզ տեղափոխելու ճանապարհին մի շարք անձինք կազմակերպել են դրա բեռնաթափումն ու ապրանքների տնօրինումը, իսկ ավտոմեքենան հետագայում դատարկ վիճակում ի պահ է հանձնվել մաքսային տերմինալին:

Այսպիսով, հաշվի առնելով, որ հիշյալ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, այն քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

*

*