Բացահայտվել է Երևանի մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքը. մեկ անձ կալանավորվել է

Հափշտակել է ջերմաչափեր, ներարկիչներ, դեղահաբեր՝ մանկապարտեզին պատճառելով գույքային վնաս
mankapartez

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում գործող մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ կալանավորվել է:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02:35-ին, Երևանի 116-րդ մանկապարտեզի տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող թիվ 116-րդ մանկապարտեզ և հափշտակել ջերմաչափեր, ներարկիչներ,  դեղահաբեր՝ հիշյալ մանկապարտեզին պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Թիվ 116 մանկապարտեզը  ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական  գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

*

*