Մահացած ազատամարտիկի ընտանիքից գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել

Մեղադրյալը ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահն է։
qnnchakan shenq

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մահացած ազատամարտիկի՝ անօթևան ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից հատկացված դրամական միջոցից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները, մեխանիզմը:

Նախնական քննության տվյալներով՝ ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահը (ծնված 1961թ.), տեղյակ լինելով, որ երկրորդ խմբի հաշմանդամ, 2010թ. մահացած ազատամարտիկ Հ. Անտոնյանի ընտանիքը որպես անօթևան հաշվառված է բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցողների ցուցակում, 2012թ. սկզբին հանդիպել է վերջինիս այրուն և իր օգնությունն առաջարկել՝ բնակարան գնելու համար նախատեսված գումարը ստանալու հարցում: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանված կարգով, 21.04.2012թ. որոշում է կայացվել՝ Հ.Անտոնյանի ընտանիքին երկու սենյականոց բնակարան գնելու համար գումար հատկացնելու մասին։ Նշված գումարը Հ. Անտոնյանի կնոջ հաշվի համարին փոխանցվելուց հետո 56-ամյա տղամարդը ներկայացրել է, թե իբր իր միջամտությամբ է կայացվել նշված որոշումը, թե, իբր, իրականում նրան պետք է փոխանցվեր մեկ սենյականոց բնակարան գնելու համար անհրաժեշտ գումար, սակայն նախատեսվածից ավել գումար է փոխանցվել։ 2012թ. ապրիլի 28-ին վերջինիս համոզել է կանխիկացնել ու իրեն տալ, իբր, ավել փոխանցված՝ 4.801.194 ՀՀ դրամ գումարը, ինչը խաբեությամբ հափշտակել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 56-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

*

*