Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Ընտրատեղամասում իրեն անծանոթ կինը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը...
hqc

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի  նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, «a1plus.am» լրատվական կայքում առկա «Թիվ 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը» հրապարակման վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. ապրիլի 2-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս, Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում  իրեն անծանոթ կինը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը` վիրավորել է իրեն և հարվածել տեսախցիկին:

Այսպիսով, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

*

*